Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է որոշակի ժամկետում դրամական արտահայտությամբ։ Այն կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և համապատասխան օգտագործողներին հաշվետվություն ներկայացնելու համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից։ Հաշվետվության ձևերից առաջինը հաշվապահական հաշվեկշիռն է։ Ֆինանսական հաշվետվության նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ներկայացնում է այդ հաշվետվությունը օգտագործողներին (բաժնետերերը, կառավարող անձնակազմը, կազմակերպության աշխատողները, պետական մարմինները և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ կայացնելու համար։ Ֆինանսական հաշվետվությունը բացի հաշվապահական հաշվեկշռից ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության կարևոր կողմերը։ Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում նրա ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները։ Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար բացվում են առանձին հաշվապահական հաշիվներ։ Դրանք հատուկ ձևի և բովանդակության, 2 կողմից բաղկացած աղյուսակներ են, որոնց մեջ գրանցվում են մնացորդները և կատարված փոփոխությունները։ Հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը և ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ։ Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման եղանակով, այսինքն՝ գործառնության գումարը միաժամանակ գրանցվում է 2 տարբեր հաշիվներում։ Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը։ Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը։ Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար լրացվում է համապատասխան ձևի փաստաթուղթ։ Գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ սկզբնական հաշվառում։ Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է գույքագրում։ Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական, գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու անձանց վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար՝ օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն հարցին, թե տվյալ պատասխանատու անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները, կարելի է պարզել միայն գույքագրման միջոցով։