Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է բարձրացնել նախատեսված օգտվողների վստահության աստիճանը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Դա ձեռք է բերվում աուդիտորի կողմից կարծիքի արտահայտման միջոցով, թե արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են ֆինանսական հաշվետվությունների կիրառելի հիմունքներին համապատասխան: Ընդհանուր նպատակների ծառայող հիմունքների մեծամասնության դեպքում այդ կարծիքը վերաբերում է նրան, թե արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են կամ տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը՝ համաձայն տվյալ հիմունքերի: ԱՄՍ-ների ու վարքագծի համապատասխան պահանջների համաձայն իրականացված աուդիտը հնարավորություն է տալիս աուդիտորին կազմելու այդպիսի կարծիք։
Աուդիտորական ուսումնասիրության ենթակա ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական հաշվետվ-ություններն են, որոնք պատրաստվել են կազմակերպության ղեկավարության կողմից՝ կառավարման օղակներում ներգրավված անձանց վերահսկողության ներքո:
ԱՄՍ-ների համաձայն աուդիտը իրականացվում է այն նախապայմանով, որ ղեկավարությունը կամ, ըստ անհրաժեշտության, կառավարման օղակներում ներգրավված անձինք ստանձնել են որոշակի պարտականություններ, որոնք էական նշանակություն ունեն աուդիտի իրականացման համար: Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը չի ազատում ղեկավարությանը կամ կառավարման օղակներում ներգրավված անձանց իրենց պարտականություններից։
Էականության սկզբունքը կիրառվում է աուդիտորի կողմից` թե աուդիտի պլանավորման ու իրականացման ժամանակ, թե հայտնաբերված խեղաթյուրումների ազդեցությունը աուդիտի վրա գնահատելու և չուղղված սխալների ազդեցությունը,
եթե այդպիսիք կան, ֆինանսական հաշվետվությունների վրա գնահատելու ժամանակ: Սովորաբար խեղաթյուրումները, ներառյալ բացթողումները, համարվում են էական, եթե կարելի է պատճառաբանված կերպով ակնկալել, որ, առանձին կամ
միասին վերցրած, նրանք ազդեցություն կունենան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա օգտագործողների կողմից կայացվող տնտեսական որոշումների վրա: Էականության վերաբերյալ դատողություններն արվում են շրջապատող հանգամանքների լույսի ներքո և կրում են աուդիտորի կողմից ֆինանսական հաշվետվություններից օգտվողների ֆինանսական կարիքների ընկալման և խեղաթյուրման չափերի կամ բնույթի, կամ էլ դրանց համակցության ազդեցությունը: Աուդիտորի եզրակացությունը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններին՝ որպես ամբողջություն վերցրած, հետևաբար, աուդիտորը պատասխանատվություն չի կրում այն խեղաթյուրումների համար, որոնք էական բնույթ չեն կրում որպես ամբողջություն դիտվող ֆինանսական հաշվետվությունների համար:
Աուդիտորը պետք է աուդիտի պլանավորման ու իրականացման ընթացքում կիրառի մասնագիտական դատողություն ու պահպանի մասնագիտական կասկածամտությունը և, մասնավորապես.
- հայտնաբերի ու գնահատի խարդախության կամ սխալի հետևանքով առաջացած էական խեղաթյուրման ռիսկերը՝ հիմնվելով կազմակերպության ու նրա միջավայրի մասին պատկերացումների վրա՝ ներառյալ կազմակերպության ներքին վերահսկողությունը,
- ձեռք բերի բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ էական խեղաթյուրումների առկայության վերաբերյալ՝ գնահատված ռիսկերի համար համապատասխան միջոցառումների մշակման ու իրագործման միջոցով,
- ձևավորի կարծիք ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ՝ հիմնվելով ձեռք բերված աուդիտորական ապացույցներից արված եզրահանգումների վրա:
ԱՄՍ200