Ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում և ներկայացվում են արտաքին օգտագործողներին աշխարհի շատ կազմակերպությունների կողմից: Չնայած տարբեր երկրների այդպիսի ֆինանսական հաշվետվությունները կարող են իրար նման թվալ, սակայն առկա են տարբերություններ, որոնք, հավանաբար, արդյունք են տարաբնույթ հասարակական, տնտեսական և իրավական հանգամանքների, ինչպես նաև այն բանի, որ տարբեր երկրներում ազգային պահանջների առաջադրման ժամանակ նկատի են առնվում ֆինանսական հաշվետվությունների տարբեր օգտագործողների կարիքները:

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ) հանձն է առել նվազեցնել այս տարբերությունները` աշխատելով ներդաշնակեցնել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը վերաբերող կարգավորումները, հաշվապահական հաշվառման ստանդարտներն ու ընթացակարգերը: Խորհուրդը կարծում է, որ հետագա ներդաշնակության կարելի է լավագույնս հասնել` կենտրոնանալով ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնք պատրաստվում են տնտեսական որոշումներ կայացնելու համար օգտակար տեղեկատվություն ապահովելու նպատակով:

Խորհուրդը կարծում է, որ այս նպատակով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները բավարարում են օգտագործողների մեծ մասի ընդհանուր կարիքները: Պատճառն այն է, որ գրեթե բոլոր օգտագործողները կայացնում են տնտեսական որոշումներ, օրինակ`
ա) որոշելու, երբ է պետք գնել, պահել կամ վաճառել բաժնային գործիքներում ներդրումը,
բ) գնահատելու ղեկավարության կողմից միջոցների կառավարումը կամ հաշվետվողականությունը,
գ) գնահատելու աշխատակիցներին փոխհատուցելու և այլ արտոնություններ տրամադրելու կազմակերպության կարողությունը,
դ) գնահատելու կազմակերպությանը փոխառությամբ տրված գումարների ապահովությունը,
ե) որոշելու հարկային քաղաքականությունը,
զ) որոշելու բաշխման ենթակա շահույթը և շահաբաժինները,
է) պատրաստելու և օգտագործելու ֆինանսական արդյունքների վերաբերյալ ազգային վիճակագրության տվյալները,
ը) կարգավորելու կազմակերպությունների գործունեությունը:

Ֆինանսական հաշվետվությունները մեծամասամբ պատրաստվում են վերականգնելի պատմական արժեքի եւ անվանական ֆինանսական կապիտալի պահպանման հասկացության վրա հիմնված հաշվառման մոդելի համաձայն: Տնտեսական որոշումներ կայացնելու համար օգտակար տեղեկատվություն տրամադրելու նպատակով այլ մոդելները և հասկացությունները կարող են ավելի համապատասխան լինել, չնայած ներկայումս փոփոխման որևէ համաձայնություն չկա:

 

© IFRS Foundation